Ամերիկային հայ համայնքի ներկայացուցիչների եւ կրոնական գործիչների պատվիրակությունը Ամերիկայի հայ դատի գրասենյակի հետ համատեղ հանդիպել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ եւ կոչ է արել ամերիկյան կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայում պատմականորեն հայկական Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայից ահաբեկիչների հարձակումներին վերջ տալու համար: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պատասխանատու են Քեսաբի քաղաքացիների պաշտպանության համար, առավել եւս, որ այդ շրջանի բնակիչների ընտանիքներն առավելապես ապրում են ԱՄՆ-ում, ձգտում են ապահովել նրանց պաշտպանությամբ ու ապաստանով:

Պատվիրակությունը ամերիկացի պաշտոնյաներին մի շարք պահանջներ են ներկայացրել, մասնավորապես հրապարակայնորեն դատապարտել «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկիչների հարձակումները, Թուրքիայի ցուցաբերած աջակցությունն այդ հարձակումներին: Պատվիրակությունը նաեւ խնդրել է ԱՄՆ-ին անմիջապես հեռացնել ծայրահեղականներին, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան վերադառնալ իրենց տները, կոչ են արել վերականգնել Քեսաբի շուրջ ապառազմականացված գոտիները:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ԱՄՆ-ից սպասում են նպատակաուղղված հումանիտար օգնություն Քեսաբից Լաթակիա տեղափոխված անձնանց համար, ինչպես նաեւ խնդրում են հետաքննել Թուրքիայի կողմից խմբավորումներին աջակցության ցուցաբերումը, այնուհետեւ հրապարակել եզրակացությունները:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները չորս կողմից հարձակվեցին Լաթակիա նահանգի վրա, որը բնակեցված է հայերով ու ալեւիթներով: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի վրա հարձակվել են Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Քեսաբի հայաշատ շրջաններում իսլամիստ ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող սիրիական ռազմական ինքնաթիռին հարվածել էին թուրքական կործանիչները: