ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձեւին: Նման տեսակետ է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձեւին, որով Ղրիմում անցկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական։
Օսկանյանի գրասենյակի կողմից տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ուկրաինայի ներկայացրած եւ արդեն ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւը ոչ օրինական է համարում Ղրիմի հանրաքվեն եւ Ռուսաստանի կողմից դրա բռնակցումը: Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետեւ պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը:
Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ դրույթին, որովհետեւ ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ համաձայնեցված լուծման հասնելու համար:
Այս երկուսի համադրումը բնականաբար հուշում է, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով իսկ ընդգծելով մեր սկզբունքայնությունը:
Բացի այդ, Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար եւ միջազգայնորեն մեկուսացած երկրներ են: Որպես քվեարկության ուղենիշ սա թերեւս ավելի կարեւոր էր, որովհետեւ վերջիվերջո սա է հիշվելու եւ ոչ թե մեր սկզբունքայնությունը կամ ոչ սկզբունքայնությունը: Ես համոզված եմ, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր»,- նշել է Վարդան Օսկանյանը:



























