Ռուսաստանցիների մեծամասնությունը դեմ է Ուկրաինայի նոր իշխանությունների պաշտոնական ճանաչմանը, ընդ որում՝ 52%-ը կարծում է, որ հարեւան պետությունում իրադրությունը վատթարանում է: Այս մասին են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:

Հարցման համաձայն՝ պատասխանողների 68%-ը կարծում է, որ «Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի Ուկրաինայի նոր իշխանություններին»: 18%-ը կողմ է Ուկրաինայի նոր իշխանությունների ճանաչմանը:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը բացասաբար է վերաբերվում ռուսների 23%-ը,  15% -ն էլ Ուկրաինայի կառավարությունն անօրինական է համարում եւ դրա անդամներին բնութագրում՝ որպես  իշխանությունն ապօրինի զավթած մարդիկ:

52%-ը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակն ավելի է վատթարանալու, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Համառուսաստանյան հարցումն անցկացվել է 2014 թ. մարտի 15-16-ին: Հարցման է ենթարկվել 1,6 հազար մարդ՝ Ռուսաստանի 42 մարզերի, երկրամասերի 130 բնակավայրերից: Վիճակագրական սխալի հավանականությունը չի գերազանցում 3,4%-ը: