Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը  սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:

Արմավիրի մարզում նախարարը  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  հետ մարզպետարանում հանդիպել է  մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել  գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտեւի, որովհետեւ այգիներում, ջերմոցներում եւ դաշտերում ձեզ ավելի կարեւոր եւ հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին,այս անգամ նույնպես,մինչեւ վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:

Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին , որոնցից գոհ է մնացել, եւ խորհուրդ տվել  այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար: «Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե'  ես,  թե' նախարարության ողջ  կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:

Այնուհետեւ նախարարն այցելել է Արարատի մարզ,  մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպել է մարզի համայնքապետերին. հորդորել արդյունավետորեն եւ  նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները: Հիշեցնելով  նախորդ տարիների,մասնավորապես անցյալ տարվա փորձը, երբ մասնագետների խորհուրդներին ժամանակին  եւ ճիշտ արձագանքելու շնորհիվ, գյուղացիները կարողացան  ոչ միայն հաղթահարել վտանգը,այլեւ ապահովել վերամշակման եւ արտահանման աննախադեպ ծավալներ, նախարարը մասնավորապես ասել է. «Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են : Իսկ գյուղացիները մեզանից ավելի  լավ գիտեն, թե ինչը  ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները եւ հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»:

Նախարարից բացի, այսօր մարզեր  են այցելել նաեւ  գյուղատնտեսության նախարարության այլ պատասխանատուներ ու մասնագետներ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եղել է Վայոց Ձորում, մյուս տեղակալ Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզում: Մարզպետարաններում  համայնքապետերի հետ կայացած հանդիպումների ընթացքում, նրանք ներկայացրել են իրավիճակը, ծանոթացրել մասնագիտական խորհրդատվությանը:

Մոբիլիզացիոն վիճակը շարունակվել է նաեւ մյուս մարզերում, ուր ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու մասնագետներն  ակտիվորեն տեղեկացրել են սպասվող ցրտահարությունների մասին, տվել մասնագիտական  խորհրդատվություն: