Թող ընդդիմությունը հաշվել սովորի: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում չճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի՝ կառավարության անվստահություն հայտնելու վերաբերյալ նախաձեռնությունը:
Քաղաքական հակառակորդների այն հայտարարությանը, թե իշխանության օրերը հաշված են, Սահակյանը խորհուրդ է տվել նրանց «սովորել ճիշտ հաշվել», նկատելով, որ ԲՀԿ խմբակցության 10 տոկոսը նախկինում ՀՀԿ խմբակցությունից են եղել:
«Ճիշտ է ես անձամբ չեմ սիրում, երբ այդպես արագ մի կուսակցությունից մյուսն են թռչում, բայց քանի որ նրանք անցել են ուրիշ թիմ, ապա իհարկե, պետք է անեն այնպես, ինչպես նրանց կասեն»,-հավելել է Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ ոչ մի քաղաքական խորհրդակցություն չի վարում:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական 4 ուժեր (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել ապրիլի 28-ին, սակայն նրանք ԱԺ-ում մեծամասնություն չունեն:




























