Թուրքիայում նախընտրական լարված կրքերը ՏԻՄ ընտրություններից 2 օր առաջ հասել են գագաթնակետին։ Նման տեսակետ, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը նշեց, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ընտրություններին գնում է հեղինակազրկված, սակայն կրկին որպես ֆավորիտ։ «Թուրքիայում հասարակությունն արդեն համոզվել է, որ, իրոք, իշխանությունները թաթախված են կոռուպցիոն սկանդալների մեջ, սակայն գերադասում է կրկին նրանց ընտրել՝ չունենալով այլընտրանք։ Այսինքն, իշխող կուսակցության քվեները նախորդ խորհրհդական ընտրությունների համեմատ պակաս կլինեն, սակայն կորուստները զգալի չեն լինի»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանի խոսքով՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո Թուրքիայի վարչապետի, նրա ընտանիքի անդամների եւ մտերիմների հետ կապված կաշառակերության եւ անօրինականությունների հետ գաղտնալսումների շարքն ընտրություններից 2 օր առաջ համալրվեց Սիրիայի նկատմամբ դավադրություն կազմակերպելու վերաբերյալ թուրքական իշխանությունների հույժ գաղտնի հանդիպման ձայնագրությունը, որը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։
«Այդ գաղտնալսումը, որում Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե կարող է 4 մարդ ուղարկել Սիրիա, ովքեր հրթիռներ կարձակեն Թուրքիայի վրա ու հիմք կլինի հարձակվել Սիրիայի դեմ, ինչպես նաեւ այն արտահայտությունը, որ Թուրքիան արդեն 2000 բեռնատար զենք է ուղարկել Սիրիա, փաստացի ապացույցն է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող ահաբեկչական խմբավորումներին»,-նշեց թուրքագետը՝ շեշտելով, որ այս գաղտնալսմանն արագ արձագանքել է միայն ՄԱԿ-ը՝ հիշեցնելով, որ իրենք չեն խրախուսում Սիրիայում կողմերից որեւէ մեկին զինելը։
«Մարտի 30-ի ընտրություններին կրկին հաղթելու է Էրդողանի գլխավորած կուսակցությունը, սակայն հաշվի առնելով կաշառակերության եւ գաղտնալսումների հետ կապված սկանդալները, այս ընտրություններով ավարտվելու է Էրդողանի «փառահեղ» դարաշրջանը»,-կարծիք հայտնեց թուրքագետը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























