ԱԻՄ առաջնորդն իր մի քանի տասնյակ համակիրների հետ Արամ Խաչատրյանի արձանի մոտից այսօր` մարտի 28-ին, ԵՄ եւ ՀՀ դրոշներով շարժվեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ արդեն հավաքվել էին «Ժառանգություն» կուսակցության համախոհները, որոնք մասնակցելու են ժամը 18:00-ին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին։ Տեսնելով ԱԻՄ-ականների ձեռքի ԵՄ դրոշները՝ «Ժառանգության» համախոհները արգեսիվ դիմավորեցին նրանց, մոտեցան Պարույր Հայրիկյանին՝ ասելով. «Մենք ոչ մի Եվրոպա էլ չենք ուզում, մեզ Եվրոպա պետք չէ, «ոչ» դրսի ուժերին»:
Պարույր Հայրիկյանը «Ժառանգության» համախոհներին խնդրեց անջատել երաժշտությունը եւ իրեն տրամադրել բեմահարթակը, որովհետեւ ինքը քաղաքապետարանից թույլտվություն է ստացել 16:00-18:00-ը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար:
«Երեկվանից շատ բան է փոխվել, մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ պետք է մի խնդիր իրենց առջեւ դնեն. սահմանազատվել Սերժ Սարգսյանից, հակառակ դեպքում իրենք չեն հասկանում, թե ինչ ամոթալի վիճակում են հայտնվել: Աշխարհում ավելի քան հարյուրից ավելի պետություններ մի կողմում են, իսկ մյուսները` մի քանի թոկից փախածներ, մի կողմում: Հայաստանը միացավ այդ թոկից փախածներին»,-լրագրողներին ասաց Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելու վերաբերյալ բանաձեւին դեմ քվեարկելու ՀՀ որոշմանը։
Հարցին, թե պատրաստվում է արդյոք միանալ «Ժառանգության» հանրահավաքին, Հայրիկյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բարդույթ չունենք միանալու: Ճիշտ բան ասեն, կմիանանք»:
Խոսելով այսօր Սահմանադրական դատարանում մեկնարկած՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի դրույթները վիճարկող՝ ԱԺ 36 պատգամավորների ներկայացրած հայցի քննության մասին, Հայրիկյանն ասաց, որ ՍԴ-ն որոշում կայացնելիս պետք է առաջնորդվի քաղաքացիների ինքնորոշման իրավունքով, որը պետք է վեր դասի ամեն ինչից։
Հայրիկյանը նույն բովանդակությամբ էլեկտրոնային 9 նամակ է ուղարկել ՍԴ անդամներին, իսկ նամակի տպագիր տարբերակն այժմ իր համակիրների հետ տանում է ՍԴ։
Այսօրվա հավաք-երթի մասին իրազեկող հայտարարությունում Պարույր Հայրիկյանը քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին հրավիրել էր մասնակցելու հավաքին, սակայն նրան ոչ ոք չի միացել։ Ազատության հրապարակում հավաքված «Ժառանգության» համախոհները նույնպես մերժեցին միանալ նրան, եւ Հայրիկյանի ելույթի ժամանակ առանձնացել էին ու հավաքվել Ազատության հրապարակի մի հատվածում։











