Ամենամյա հավաքներին ներգրավվող անձնակազմը տարեցտարի առավել ակտիվ մասնակցություն եւ պատրաստվածություն է ցուցաբերում: Այս մասին, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ, որը կայացել է մարտի 24-27-ին, նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռազմավարության եւ օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների եւ ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների եւ զորամասերի հրամանատարներ, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարական կազմը:
Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը եւ Ալիկ Միրզաբեկյանը:
Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանը, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներին ու պաշտպանական բարեփոխումների ընթացքին, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացմանը, ԶՈւ հրամանատարական կազմի եւ զինվորական իրավապահ մարմինների համագործակցությանը, այլ թեմաների:
Օպերատիվ հավաքն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտին եւ երկրի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Հավաքի շրջանակում ձեւավորվել են նաեւ միասնական տեսակետներ, պատկերացումներ ու մոտեցումներ զորքերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու, ծավալելու, հիմնավորված որոշումներ ընդունելու, մարտական գործողություններ պլանավորելու, ուսուցումն ու դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու գործում:
Մարտի 25-ին օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմը եղել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: Օպերատիվ հավաքի անցկացման պլանի համաձայն, հավաքի մասնակիցների հետ, ըստ մասնագիտական խմբերի եւ ենթախմբերի, անցկացվել են գործնական եւ ցուցադրական պարապմունքներ, կրակային պատրաստության վարժանքներ: Ցուցադրական պարապմունքների շրջանակում հավաքի մասնակիցները ծանոթացել են հատուկ սպառազինության, ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման եւ գործարկման ձեւերին ու հնարավորություններին:
Զորավարժարանում տեղի է ունեցել նաեւ «Ականանետային մարտկոցով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի գործողությունները մոտոհրաձգային գնդի պաշտպանական մարտում» թեմայով վարժանք` մարտական հրաձգությամբ:
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքներն ամփոփվել են մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Իր զեկույցում ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքը:
Ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացել են խրախուսական պարգեւների:




























