Թուրքիան 2014թ. ապրիլի 11-ից վիզաների տրամադրման էլեկտրոնային համակարգ է ներդնում, որը կփոխարինի օդանավակայանում դրվող թույլտվության կնիքին, հայտնում է Բելառուսի ՆԳՆ-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունը:
«2014թ. ապրիլի 11-ից Թուրքիայում երկիր մուտքի նոր կարգ է ներդրվում, որը տուրիստական կամ գործնական այցերի համար էլեկտրոնային եղանակով վիզաների ստացում է նախատեսում», - ասվածէ նախարարության հաղորդագրությունում: «Տվյալ ընթացակարգը կփոխարինի օդանավակայանում ժամանման պահին դրվող կնիքին», - բացատրվում է այնտեղ:
«Թուրքիա մեկնող օտարերկրացին էլեկտրոնային վիզա ձեւակերպելու համար՝ պետք է դիմումը լրացնի www.evisa.gov.tr կայքում, ծառայությունը վճարի վարկային կամ դեբետային քարտով, ստանա հաստատող փաստաթուղթ իր էլեկտրոնային հասցեին եւ հետո բացի այն», - նշվում է հաղորդագրության մեջ:
Վիզաների գումարի վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ըստ Թուրքիայի տեղեկության՝ 2014 թ. զբոսաշրջային սեզոնին դժվարությունները կանխելու համար Թուրքիայի սահմանապահ իշխանություններն անցումային շրջանում վիզաներ կհանձնեն նաեւ ներկայիս գործող ռեժիմով», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:




























