Դերասան Վարդանը Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը այսօր՝ մարտի 28-ին, մերժեց դերասանի փաստաբան Նիկոլայ  Բաղդասարյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված խափանման միջոցը փոխելու եւ նրան անհապաղ դատարանի դահլիճից ազատ արձակելու վերաբերյալ։

Նիստը շարունակվում է։  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարի հետեւանքով մահացած երկու երիտասարդների հայրերը՝ Արթուր եւ Հայկ Հակոբյանները, որոնք նիստից առաջ վատացել էին ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց, այժմ վերադարձել են եւ մասնակցում են նիստին։

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի մեքենայով բախվել էր Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենային, ինչի հետեւանքով «Նիվայում» գտնվող հորեղբոր որդիներ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին, նրանց քույրերը՝ Տաթեւ եւ Էմմա Հակոբյանները, ինչպես նաեւ հայրերը՝ Արթուր եւ Հայկ Հակոբյանները ստացել մարմնական վնասվածքներ։ Վարդան պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի  3-րդ մասով, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 3 տարվա ազատազրկում։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am