2010թ. սկզբից մինչեւ  2013թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանի դատարաններում վարույթ է ընդունվել  լրատվամիջոցների ներգրավվածությամբ վիրավորանքների եւ զրպարտության հիմքով 98 քաղաքացիական  հայց: Այս մասին մարտի 28-ին լրատվամիջոցների դեմ դատական պրոցեսների մոնիտորինգի արդյունքների ամփոփմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ նրա՝ 2010թ. հարուցվել է 17,  2011-ին՝ 37 դատական գործ,  2012-ին դրանց թիվը փոքր-ինչ կրճատվել է՝ հասնելով 18-ի, 2013-ին հարուցվել է 26 դատական գործ, որից՝ առաջին կիսամյակում՝ 16, երկրորդում՝ 10:

«2013թ. մենք ուսումնասիրություն ենք կատարել  «Counterpart International» կազմակերպության աջակցությամբ: Մոնիտորինգը ներառում էր  53 դատական գործ, որոնցից 27-ը սկսվել էին նախորդ տարիներին եւ շարունակվում են, 26-ը սկսել են 2013-ին», - նշել է Մելիքյանը:

53 դատական գործերից 37-ի մոնիտորինգի ընթացքում, ընդգծել է նա,  դատարանը հրապարակել է 1 կամ ավելի դատական ակտեր, եւ հենց այդ 37 գործերն էլ դարձել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի վերլուծության առարկա: Վերլուծության ենթարկված  28 դատական գործերում լրատվամիջոցները հանդես էին գալիս որպես պատասխանող կողմ, իսկ 9 գործերում՝ որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող  երրորդ անձ: «Վերոնշյալ 37 դատական գործերի առնչությամբ դատավորներն ընդունել են դատական ակտեր,  ըստ որոնց՝ պատկերը հետեւյալն է. 10 գործի առնչությամբ հայցերը մասնակի են բավարարվել, 19 գործով հայցերն ամբողջությամբ մերժվել են,  2 գործ հաշտեցմամբ են ավարտվել, 5 գործ փակվել է, 1 գործ էլ՝ կասեցվել է՝ առանց քննության», - ասել է Աշոտ Մելիքյանը:

Ուշագրավ է, որ 2013թ. դատարանները լրատվամիջոցների մասնակցությամբ դատական հայցերի ամբողջական բավարարման որոշում չեն կայացրել: