Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր՝ մարտի 28-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ երկրորդ միջնորդությունը ներկայացրեց՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ։
Ներկայացնելով միջնորդության հիմքերը՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի կողմերից մեկի նկատմամբ։
«Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու իմ միջնորդությունը մերժելու որոշումը դատավորն ամբողջությամբ չներկայացրեց, մի քանի բառով ասաց։ Սա դատական նորմերի խախտում է։ Բացի դրանից որոշմանը ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ դատավորը միջնորդությունը մերժել է առանց հիմնավորումների, առանց օրենքին հղումներ անելու։ Ձեր որոշումներն անօրինական են եղել նաեւ նախկին նիստի ժամանակ, որին ես ներկա չեմ եղել։ Դուք պարտավոր էիք նախորդ նիստին ինքնուրույն, առանց քննարկման հետաձգել նիստը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ինքը նիստին չէր ներկայացել եւ պատշաճ ծանուցել էր դրա մասին։
Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարությանը այն մասին, որ չներկայանալով առաջին նիստին՝ Բազղասարյանը ֆիզիկական եւ բարոյական ցավ է պատճառել տուժող կողմին, որոնք առողջական խնդիրներով ստիպված են եղել հասնել դատարան։ Բաղդասարյանը նշեց, որ նախորդ նիստից մեկ օր առաջ զանգահարել է տուժող կողմի փաստաբանին եւ տեղեկացրել իր չգալու մասին։
Շարունակելով ներկայացնել դատավորի ինքնաբացարկի իր միջնորդության հիմքերը՝ Բաղդասարյանն ասաց, որ դատավորը խախտումներ է թույլ տվել ամբողջ դատական քննության ընթացքում։
«Տուժողներն ինձ վիրավորել են նախորդ նիստի ժամանակ, իսկ ինձ վիրավորել նշանակում է վիրավորել դատարանին, եւ Դուք պարտավոր էիք սանկցիա կիրառել կամ Ձեր իրավունքների շրջանակներում ինչ-որ գործողություն կատարել։ Ամբողջ դատական քննությունն անցել է նմանատիպ խախտումներով, եւ չեմ հավատում, որ դրանք համընկնումներ են։ Դրա համար ես կարծում եմ, որ դուք կանխակալ վերաբերմունք ունեք կողմերից մեկի նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին տուժող Հայկ Հակոբյանը նրան «ուռոդ» էր անվանել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր էլ Նիկոլայ Բաղդասարյանի ամբողջ ելույթի ժամանակ Հայկ Հակոբյանը ցածրաձայն վիրավորում էր նրան. «Անասուն, եթե պետք ա, էլի ուռոդ կասեմ»։
Աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց մինչեւ ապրիլի 4-ը։
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի մեքենայով բախվել էր Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենային, ինչի հետեւանքով «Նիվայում» գտնվող հորեղբոր որդիներ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին, նրանց քույրերը՝ Տաթեւ եւ Էմմա Հակոբյանները, ինչպես նաեւ հայրերը՝ Արթուր եւ Հայկ Հակոբյանները ստացել մարմնական վնասվածքներ։ Վարդան պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 3 տարվա ազատազրկում։




























