Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ այսօր կայացած հանդիպումից: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են նախաձեռնության մամուլի ծառայությունից:

Իրենց հայտարարության մեջ նրանք նշել են, որ Թեղուտի եւ որոշ այլ հիմնախնդիրների առնչությամբ սկզբունքորեն կողմ լինելով ցանկացած մարմնի հետ կառուցողական համագործակցության գաղափարին՝ այնուհանդերձ մենք անընդունելի ենք համարում հանդիպման ձեւաչափի եւ օրակարգի բացակայությունը: Ըստ էության կազմակերպվում է տեղեկատվական-խորհրդատվական մի անհասկանալի հանդիպում՝ ոչ մի բանի մասին:

«Եթե վարչապետը պատրաստակամություն կհայտնի առարկայական քննարկումներ անցկացնել, ապա մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք այն հիմնախնդիրները, որոնց շուրջ պատրաստ ենք ծավալել հրապարակային քննարկում՝ սահմանելով խնդրի լուծման ողջամիտ ժամանակացույց: Հանդիպումից մեկ օր առաջ հրավերի մասին տեղեկացնելու եւ հստակ օրակարգի բացակայության պայմաններում կազմակերպվող հանդիպումը չի կարող լուրջ ընկալվել, ուստի մենք հրաժարվում ենք մասնակցել այդ հանդիպմանը»,- նշել են նախաձեռնության անդամները: