Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի եւ «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու ս.թ. մարտի 25-26-ը Երեւանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:
Տեղի է ունեցել կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն, որի շրջանակում արծարծվել են կոնֆերանսում հնչեցված հրատապ հարցերը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է եւ պատրաստ համատեղ քննարկել ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է, եւ ողջունելի համարվել երկխոսության նման ձեւաչափի ձեւավորումը:
Բնապահպանական ոլորտի մասնագետները վարչապետին ներկայացրել են բնապահպան ակտիվիստների հարցադրումները եւ առաջարկությունները: Լսելով դրանք՝ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է ձեւավորել ըստ առաջնահերթության հարցերի օրակարգ եւ քննարկել դրանք ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ ձեւաչափով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը եւ կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձեւաչափ:




























