Ամուսնու կողմից դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի երկու դուստրերը դեռ հոգեբանական ծանր վիճակում են, որը փորձում են հաղթահարել հոգեբանի օգնությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական նիստից հետո NEWS.am-ին ասաց նրանց նրանց տատը՝ Վալյա Նահապետյանը, որը Դիանայի երկու անչափահաս դուստրերի խնամակալն է։
Նրա խոսքով՝ աղջիկները հաճախ դրսևորում են ագրեսիվ եւ հուսահատ պահվածք: «Մեծը, ոչինչ, հասկանում է որոշ բաներ, կարողանում է հաղթահարել, բայց փոքրը չի կարողանում իր սթրեսային վիճակը հաղթահարել: Վալոդն իրեն տենց փչացրեց: Նույնիսկ թաղումից հետո փոքրը մտել է գարաժ, պրովոդը փաթաթել վզին, հետո սեղմել է, չի կարողացել, վախեցել է: Իսկ իմ մոտ ֆիզիկականն ու հոգեկանն են խառնվել իրար», - ասաց սպանվածի մայրը:
NEWS.am-ի հարցին, թե, ըստ իրեն, ինչ վճռի է արժանի ամբաստանյալը, տիկին Վալյան պատասխանեց. «Ցմահ: Իմ երեխեքը վախենում են դրա ֆիզիկական գոյությունից: Պիտի ցմահ լինի էդ դատավճիռը: Դա իմ ցանկությունն է, ցավացած մոր սրտի խոսքն է, ինչ կորոշի դատավորը` չգիտեմ: Բայց ես դա եմ ուզում: Ի՞նչ տանջանքով ա հոգին ավանդելու էդ սրիկան: Ցմահն էլ է դրան քիչ»:
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի Արտաշատ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Արմեն Մանուկյանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությունը` ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանի մեղադրական հոդվածը փոխելու եւ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որը նախատեսում է ցմահ ազատազրկում։
Դատարանն առաջարկեց միջնորդությունը ներկայացնել դատախազ Մալխասյանի, որն էլ իրավասու է նոր մեղադրանք առաջադրել։
Դատավարության այս փուլում ուսումնասիրվեցին սպանության իրեղեն ապացույցները՝ սպանվածի հագուստը եւ երեք դանակ։ Ե՛վ պաշտպանվող, ե՛ւ մեղադրող կողմերը հարկ չհամարեցին բացել սպանվածի հագուստի փաթեթը։
Դատարանը որոշեց անպայման բացել երկրորդ փաթեթը, որում գտնվում էին սպանության գործիք հանդիսացող երեք դանակները:
Ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանը հաստատեց, որ երեք դանակներ էլ իրենց տան խոհանոցային դանակներն են, սակայն չի հիշում՝ սպանության ժամանակ դրանք օգտագործե՞լ է, թե՞ ոչ։
Դատական նիստին լսվեց նաեւ տուժող կողմի փաստաբանի ներկայացրած քաղհայցը, որում նշված էին սպանվածի իրավահաջորդի` Վալյա Նահապետյանի կրած վնասի չափերը` Դիանայի հուղարկավորության, գերեզմանի կառուցապատման, երեխաների խնամքի հետ կապված ծախսերը, ընդհանուր` 12 000 000 ՀՀ դրամ:
Ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանին վրդովեցրեց ծախսերի ցուցակը: «Չեմ հասկանում` էս ինչ թվեր են: Նախորդ նիստին ասեցիք, որ մեքենայի բանալին վերանորոգելու համար 300 դոլար եք ծախսել, հիմա ասում եք` 500, էդ ո՞նց հասկանանք»:
Պաշտպանական կողմը ընդունեց հայցադիմումի 2-րդ մասը` միայն Դիանայի հուղարկավորության ծախսերի, գերեզմանի կառուցապատման ու բարեկարգման, հետագա ծիսակատարությունների ծախսերի մասով (1 500 000 դրամ)`պնդելով, որ մնացած բոլոր ծախսերի ապացույցները պետք է ներկայացվեն կտրոնների տեսքով:
Դատավարությունը կշարունակվի ապրիլի 16-ին, ժամը` 12:00:
Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ կնոջը սպանելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ սկզբում ծաղկամանով հարված է հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ դանակի 21 հարված հասցրել Դիանային՝ 14-ամյա եւ 17-ամյա դուստրերի աչքի առջեւ:




























