Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով հերթական դատական նիստին այսօր՝ մարտի 28-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վկայություն տվեց Դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որի հարցաքննության ընթացքում կողմերը փորձում էին պարզել, թե որքան ժամանակ կարող է թմրանյութը մնալ մարդու աղիքներում։
Դավիթ Վարդանյանի պաշտպանը փորձում էր ապացուցել, որ թմրանյութն ամբաստանյալը ավելի ուշ էր կուլ տվել, քան նշված էր նրա նախաքննական բացատրությունում։ Հիշեցնենք որ Դավիթը դատարանում ցուցմունք տալիս ասել էր, որ թմրանյութով մատնոցը կուլ է տվել, երբ ճանապարհին հանկարծակի նկատել է, որ իրենց տաքսին երկու կողմից ոստիկաններով է շրջապատված։ Մինչդեռ նախաքննական բացատրության մեջ նշված է, որ Դավիթ Վարդանյանը հանրապետության սահմանը հատելուց առաջ է կուլ տվել թմրամիջոցը։ Եվ քանի որ բացատրությունը նրա ձեռքով չի գրվել, այլ Ոստիկանության կապիտան Զորիկ Վարդանյանի, պաշտպանը միջնորդեց նախաքննական բացատրությունը հիմնական ապացույց չհամարել։ Դատապաշտպանի խոսքով, նշված բացատրությունը վերցվել է այն հանգամանքներում, երբ ապօրինաբար պաշտպանյալին 26 ժամ Ոստիկանությունում են պահել, որի ընթացքում նրան խաբել, սպառնալիքներ են տվել, զրկել են փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունից և վերջապես, ըստ փորձագետի եզրակացության, այդ ժամանակ նա եղել է թմրեցուցիչ նյութն օգտագործած վիճակում, ինչն էլ կասկածի տակ է դնում նրա հիշողության, երևույթներն ընկալելու, վերարտադրելու, իր գործողություններին հաշիվ տալու և ղեկավարելու ունակությունները։
«Նախկին վկան, կապիտան Զորիկ Վարդանյանը, էդ ինչպես կարող էր բացատրության մեջ այս գործի մեխի՝ թմրանյութի մասին ոչինչ չարձանագրել։ Բացատրություն է վերցրել մի ամբողջ օր՝ երկու էջ, բայց որ դա է մեխը, դրա մասին բացատրության մեջ ընդհանրապես բան չկա գրած, որ Դավիթ Վարդանյանը հայտարարեց՝ իր մոտ կա։ Եթե հայտարարած լիներ, բա ինչի՞ չես արձանագրել, բա ինչի՞ ես նրան 26 ժամ պահել անհիմն տեղը»,- ասաց փաստաբան Վահան Հայրապետյանը։
Դատարանը միջնորդությունը չընդունեց, քանի որ ինչպես դատավոր Նապոլեոն Օհանյանը պահանջեց, դատապաշտպանը չկարողացավ հաստատել այն փաստը, որ որպես հիմնական ապացույց մեղադրող կողմը հենց նախաքննական բացատրությունն է ընդունել։
Պաշտպանը նաև միջնորդել էր որպես վկաներ ցուցմունք տալու համար դատարան հրավիրել Դավիթ Վարդանյանին մաքսային զննում կատարած Մեղրու մաքսակետի աշխատակիցներին։ Սակայն մեղադրող կողմը դատարանին ներկայացրել էր իր դիրքորոշումը, ըստ որի, մաքսավորներին հրավիրելու կարիք չկա, քանի որ դա տակտիկական օպերացիա էր, որի նպատակն էր բացահայտել թմրանյութերի իրացման խնդիրը։ Դատարանը որոշեց, որ պաշտպանի միջնորդությունն անհիմն է։
Մեղադրող կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք նոր միջնորդություններ ներկայացնելու համար ժամանակ ունենան։ Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 8-ին։
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար։




























