Մարտի 27-ին Ավստրիայում երկկողմ պաշտոնական այցով գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, երկրի ԱԳ եւ ՊՆ նախարարների եւ պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ այցելեց Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ վանքի արխիվներում պահվող եւ մխիթարյանների տպագրած ավելի քան 300 անուն սերբալեզու հնատիպ գրքերին ծանոթանալու նպատակով:
Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Հայր Պողոս Գոճանյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրեց միաբանության գործունեության հետ: Նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջայց կատարեցին եկեղեցում, գրադարանում եւ թանգարանում: Վանական համալիրի մամուլի սրահում այցելուները ծանոթացան հատուկ նախագահի այցի կապակցությամբ ցուցադրված 19-րդ դարի սերբական գրականության նմուշների հետ. հայտնի սերբ բանասեր Վուկ Կարաջիչի երկերը, սերբական առաջին Աստվածաշունչը, բառարաններ, ժողովրդական ու ազատագրական երգերի ժողովածուներ: Նախագահ Նիկոլիչը գրառում կատարեց միաբանության հուշագրքում: Սերբական բարձրաստիճան պատվիրակության այցը հարգանքի տուրք էր սերբական մշակույթի կայացման գործում միաբանության ունեցած անուրանալի վաստակի հանդեպ:





























