Գյումրիի Մուշ 2 թաղամասում ազգությամբ քուրդ խորթ հորը սպանած 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը հրաժարվել է հարազատ հոր աջակցությունից, որը դեպքից անմիջապես հետո Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան՝ կալանավորված որդուն աջակցելու։
Մաքսիմի հայրը՝ Ջնդի Շամոյանը, փաստաբան էր վարձել՝ որդու շահերը պաշտպանելու համար: Ազգությամբ եզդի Ջնդի Շամոյանը NEWS.am-ին ասել էր, որ գործով զբաղվելու է փաստաբան Թամարա Յայլոյանը: Սակայն երբ փաստաբանից փորձեցին պարզել գործի ընթացքը, նա հայտնեց, որ Մաքսիմ Բաքոյանը հրաժարվել է իր ծառայություններից:
«Ես հիմա չեմ զբաղվում Մաքսիմ Բաքոյանի գործով, քանի որ նա ինքը հրաժարվեց՝ մեկնաբանելով, որ խնդիրը հոր հետ է կապված։ Տղան հորն ասել էր, որ եթե տարիներ առաջ մորից չբաժանվեր, մայրն ուրիշի հետ չէր ամուսնանա, ինքն էլ նման քայլի չէր դիմի»,- ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը:
Մաքսիմ Բաքոյանն այժմ փաստաբան չունի։ «Գործը դեռ քննության փուլում է, նշանակված փորձաքննությունները դեռ ընթացքի մեջ են, թե երբ գործը վերջնական կկազմվի ու կուղարկվի դատարան, առայժմ հայտնի չէ»,- NEWS.am-ին ասաց գործով զբաղվող քննիչ Վահան Սամվելյանը:
Մաքսիմ Բաքոյանի մորաքույրը՝ Բասե Շարոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Մաքսիմի հայրը՝ Ջնդի Շամոյանը վիճել է տան անդամների հետ ու հեռացել։ Վիճաբանության պատճառը նրա նախկին կնոջ երկրորդ ամուսնուց ունեցած երկու երեխաներն են։ Ջնդի Շամոյանը պնդել է, որ երեխաներին պետք է հանձնել րենց քուրդ հարազատներին, քանի որ այդ տունը Մաքսիմինն է։
Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: «Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում»,- ըստ Մաքսիմի հորաքրոջ, ասել էր տղան, վիճել խորթ հոր հետ ու դանակահարել նրան։ 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով:




























