Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նորանշանակ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը համալսարանի ավագ դպրոցում բարեփոխումներ է սկսել, որն առաջացրել է ծնողների դժգոհությունը: ՀՊՃՀ-ում մարտի 27-ին կայացած ծնողական ժողովին ռեկտորը հայտարարեց, որ դպրոցում մինչեւ այս դրամահավաք է եղել, որը պետք է վերացնել: Ժողովին ներկա հարյուրից ավելի ծնողների մոտ ռեկտորի հայտարարությունը բարկություն առաջացրեց, եւ նրանք միաբերան ասացին, որ դպրոցում ոչ մի դրամահավաք չի եղել, իրենք ընդամենը իրենց ցանկությամբ գումար են փոխանցել դպրոցի բյուջե, ինչն էլ բացառապես ուղղվել է դպրոցի տեխնիկական վիճակի բարելավմանը։

«Մենք ողջունում ենք բարեփոխումները: Բայց ներկայացրիք այնպես, որ վարժարանում եղել են դրամահավաքներ, որպեսզի գիտելիքներ տան: Էդպիսի բան չի եղել:Ես յուրաքանչյուր ամիս յոթ հազար դրամ տվել եմ, և համարել եմ, որ շատ քիչ եմ տվել: Մեր երեխաները շատ լավ գիտելիքներ են ստացել: Այստեղ երեխաների հետ այնպես են պարապել, ինչպես փողով կպարապեին»,- ասաց ծնողներից մեկը: Ռեկտորը նշեց, որ ժողովը չի հրավիրվել դպրոցի լավ կամ վատ կողմերը քննարկելու համար, և ինքը պարզապես ցանկանում էր հայտարարել, որ այսուհետեւ որեւէ  գումար պետք է չհավաքվի դպրոցում:

«Այլևս գումարներ չեք մուծելու: Մենք ասում ենք՝ կամավոր է, ինչ է, մենք ձեր գումարների կարիքը չունենք: Հիմա ուզում եք, չեք ուզում, դա տենց ա»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Ծնողներից մեկը նրան խորհուրդ տվեց պաշտոն զբաղեցնել Սահմանադրական դատարանում և նույն ջանասիրությամբ վերացնել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը: Մթնոլորտն ավելի լարվեց, երբ ռեկտորն ասաց,  որ սեպտեմբերից դպրոցում անվճար կրթություն կստանան այն աշակերտները, որոնք հետագայում ընդունվելու են ՀՊՃՀ, իսկ մյուսների համար կսահմանվի լրացուցիչ վճար: Ծնողները կարծում են՝ ռեկտորի քայլերը տանում են նրան, որ մի օր դպրոցը փակվի:

«Ինքը հիմա բառիս բուն իմաստով կեղտ ա ման գալիս դպրոցը փակելու համար, էդքան բան: Ինքը ասեց՝ մինչև սեպտեմբեր, մինչև սեպտեմբեր մի տասը հոգի իր հովանավորությամբ կգան, կասեն՝ ինչ-որ բաներ ա կատարվում, դպրոցը կփակի: Համար առաջին դպրոցն ա: Երեխեքը էլ ուրիշ տեղ էն գիտելիքները չեն ստանա, ոնց որ էստեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ խոսակցություններ կան այն մասին, որ ռեկտորը ցանկանում է ՀՊՃՀ ավագ դպրոցը միացնել ԵՊՃՇՀ -ի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցին, որտեղ ուսման մակարդակն ավելի ցածր է: «Ինքը էն ժամանակ եղել է ԵՊՃՇՀ ռեկտորը, էնտեղ էլ նմանատիպ, ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց կա: Երևի իր մոտ միշտ նախանձ ա եղել, որ մարդիկ միշտ երեխեքին բերում են էս համալսարանը: Ես երեխուս էդ դպրոցից եմ հանել, բերել այստեղ: Բերել եմ, դրա համար 300 հազար դրամ տույժ ենք մուծել դպրոցին:  Դա նույն 7 հազարը չի՞»,- վրդովված ասաց ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից դադարեցվել էին ՀՊՃՀ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` իր դիմումի համաձայն:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել էին նաև ԵՊՃՇՀ  ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա դրվել էին ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները: