Հայաստանն ի տարբերություն իր որոշ մյուս հարեւանների, միշտ ձգտել է համատեղել Հարավային Կովկասում բոլոր խաղացողների շահերը, այլ ոչ թե շահարկել նրանց հակասությունները: Այդ մասին մարտի 28-ին վիդեոկամուրջի ձեւաչափում «Եվրասիական ընտրություն 2014» միջազգային կոնֆերանսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքգետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը բավականաչափ սկզբունքային երկիր է: «Հայաստանը լիարժեք ապահովում է իր տարածքի վերահսկողությունը: Հայաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունը՝ մասնավորապես ռազմաքաղաքական բնագավառում: Մաքսային ու Եվրասիական միություն մուտք գործելու որոշումը հիմնված է Հայաստանի անվտանգության առաջնահերթությունների վրա»,- նշել է Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանը միաժամանակ շարունակելու է դինամիկ փոխհարաբերությունները բոլոր երկրների հետ՝ լինի եվրոպական կամ այլ: Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար ամենակարեւոր ընտրությունը այն է, որից հետո երկիրը հակասությունների մարտադաշտի չի վերածվի, ազգային անվտանգության համար խնդիրներ չեն ծագի: