Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ճգնաժամի կարգավորման միջնորդ դառնալ: Ուկրաինական «Շուստեր Live» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ չի ձգտում այդ դերը ստանձնել, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է: Այդ ենթատեքստում նա ընդգծել է, որ ապրիլին Մինսկում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ Լուկաշենկոն մտադիր է հանդիպել Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Տուրչինովի հետ:
«Ես Տուրչինովի հետ հարաբերություններ եմ պաշտպանում, ինչպես նաեւ զրուցել եմ գործող կոալիցիայի ներկայցուցիչների հետ՝ մասնավորապես Վիտալի Կլիչկոյի հետ: Մոտ ժամանակներս կհանդիպեմ Տուրչինովի հետ ու կպարզեմ՝ ինպես պետք է հարաբերություններ կառուցենք մեր երկրների միջեւ: Չէ որ մենք հարեւաններ ենք»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա նաեւ նշել է, որ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահ չի ճանաչում: Լուկաշենկոյի կարծիքով՝ Յանուկովիչն անկախ ամեն ինչից «պետք է իր ժողովրդի հետ մնար»: «Նստել նստավայրում, թաքնվել իշխանության ետեւում, իսկ հետո փախչե՞լ: Ես դատապարտում են նրան որպես ընկեր»,- հավելել է Լուկաշենկոն:
Հարցազրույցի ընթացքում Բելառուսի նախագահն անդրադարձել է Ուկրաինայի դաշնայնացմանը: Լուկաշենկոյի կարծիքով՝ Ուկրաինայում չի կարելի դաշնայնացման հանրաքվե անցկացնել: «Ես կտրականապես դեմ եմ ամեն տեսակ դաշնայնացման: Լիակատար ապուշություն: Ի՞նչ է այսօր նշանակում Ուկրաինայի արեւելքի ու արեւմուտքի միջեւ սահմանի անցկացումը: Սա երկկողմանի դաշնամուր է: Մի կողմից մի մասնագետ կնվագի, մյուս կողմից՝ մյուսը: Եւ ի՞նչ մենք կստանանք: Մենք Եվրոպայի կենտրոնում կստանանք հսկայական պետություն, որը կապակայունացվի»,- ասել է նա:


























