Լիբիայի պետական հեռուստատեսությունը տեսագրություն է հեռարձակել, որտեղ երկրի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը բանտից ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներից, ներողություն եմ խնդրում Լիբիայի կառավարության անդամ իմ թանկագին եղբայրներից` իմ արարքների, Լիբիայի անվտանգությունը եւ կայունությունը խախտելու համար», - ասել է Սաադի Քադաֆին:
Հիշեցնենք, որ Սաադին Լիբիայից փախել էր 2011թ. հոկտեմբերին՝ ապստամբների կողմից հորն սպանվելուց մեկ ամիս առաջ: Մարտի սկզբին նա Նիգերից արտահանձնվել էր Լիբիա: Նրան մեղադրում են ցուցարարների սպանության եւ այլ հանցագործություններում, որոնք կատարվել են Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ Սաադին Լիբիայի բանակում հրամանատար էր:




























