Պետդուման հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է հանդես գալ «ԵԽԽՎ-ի իրավիճակի մասին» հայտարարությամբ, «Ինտերֆաքսին» հայտնել է Դումայի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչության պետ Յուրի Շուվալովը։
Հայտարարության նախագիծը ստորագրել են Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը եւ խորհրդարանական չորս խմբակցությունների ղեկավարները՝ Վլադիմիր Վասիլեւ («Եդինայա Ռոսիա»), Գենադի Զյուգանով (ՌԴԿԿ), Սերգեյ Միրոնով («Սպրավեդլիվայա Ռոսիա») եւ Վլադիմիր Ժիրինովսկի (ՌԼԴԿ)։ «Ռուսաստանցի խորհրդարանականները եվրոպացի գործընկերներին ցանկանում են երկխոսության կոչ անել, նույնիսկ եթե այն շոշափի ամենասուր խնդիրները», - ասել է Շուվալովը։
Նա անդրադարձել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու մտադրությանը. «Կա նաեւ երկրորդ առաջարկը՝ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը լիազորություններից զրկելը»։
ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը Ստրասբուրգում կսկսվի ապրիլի 7-ին եւ, ինչպես սպասվում է, «ռուսական հարցը», Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերով պայմանավորված, կլինի հիմնականներից մեկը։




























