«Բարգավաճ Հյաաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել 4 ոչ կոալիցիոն ուժերի առաջնորդների հանդիպման համար ապահովել բոլորին ընդունելի լավագույն պայմանները եւ վայրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 4 առաջնորդներով հանդիպելու առաջարկին Գագիկ Ծառուկյանը դրական է արձագանքել: «Որեւէ խանգարող հանգամանք չկա, առաջնորդները կարող են ներկայացնել հանդիպման օրը, ժամը, իսկ պարոն Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել բոլորի համար ընդունելի լավագույն պայմանները եւ վայրը ապահովել»,- ասաց մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարված կոնսոլիդացիայի շրջանակներում հանդիպել է ոչ միայն ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հետ, այլեւ մի շարք արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Հրաշալի քառյակի» 4 առաջնորդներով հանդիպելու առաջարկը ԲՀԿ առաջնորդին ներկայացրել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի դեպ, «հրաշալի քառյակ» անվանումը միմյանց հետ համագործակցող ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին եւ «Ժառանգությանը» մարտի 1-ի հանրահավաքում «կնքել էր» ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: