Մեր պահանջը Հայաստանում քաղաքականության սոցիալական, տնտեսական եւ իրավական հարթություններում իրավիճակի փոփոխությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա շեշտեց, որ եթե այդ պատասխանատուները ունակ չեն իրավիճակը փոխելու, ուրեմն պետք է իրենց տեղը զիջեն այդ պարտականությունները կատարելու ունակ մարդկանց: Իսկ քաղաքականության պատասխանատուն ԲՀԿ մամուլի խոսնակը բնականաբար համարում է Կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ:

«Փոփոխությունների իրականացման գործում ԲՀԿ-ն ու մյուս ոչ իշխանական ուժերը որեւէ բանով սահմանափակված եւ կաշկանդված չեն»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանի քաղաքացու կյանքը պետք է փոխվի, պետք է փոխվի կտրուկ եւ դրա համար անհրաժեշտ է շրջադարձային միջոցներ ու միջոցառումներ, գործողություններ,  սա անբեկանելի որոշում է: «Այն, որ այլեւս մի իրավիճակ է, որի մեջ մնալը անհնարին է, հասկանալի է բոլորի համար, առնվազն՝ մեզ համար եւ այս առումով, այո, անբեկանալի որոշում է եւ գործողություններ գնալ այդ փոփոխությունների ճանապարհով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական 4 ուժեր (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել ապրիլի 28-ին, սակայն նրանք ԱԺ-ում մեծամասնություն չունեն: