Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միմյանց է հակադրում Ռուսաստանի կողմից զորավարժությունների անցկացումն ու սեփական բանակի մարտունակությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղյակ է զորվարժություններից,որոնք Ռուսաստանն անցկացնում է Դաղստանում եւ Կասպից ծովում»,- haqqin.az-ին է հաղորդել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վագիֆ Դյարգյաղլին՝ մեկնաբանելով Ադրբեջանի հյուսիսային սահմանների մոտակայքում Ռուսաստանի անցկացրած լայնածավալ զորավարժությունները:
Նրա խոսքով՝ նման զորավարժություններ Ադրբեջանը եւս պարբերաբար անցկացնում է, կողմերն այդ մասին միմյանց տեղյակ են պահում:
«Ադրբեջանի զինված ուժերի մարտական ոգին, բարոյա-հոգեբանական իրավիճակն ու հայրենասիրությունը բարձր մակարդակի վրա են: Ադրբեջանի Զինված ուժերը պատրաստ են ցանկացած ռազմական առաջադրանք կատարել, դրա համար առկա են բոլոր հնարավորությունները»,- ասել է Վագիֆ Դյարգյաղլին:
Մնում է միայն գուշակել, թե ինչ է ակնարկում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ամենայն հավանականությամբ՝ հայտարարությունը պայմանավորված է որոշակի մտավախություններով:




























