ԱՄՆ-ն խորապես մտահոգված է հայաբնակ Քեսաբի վերջին դեպքերի կապակցությամբ, մարտի 28-ի ճեպազրույցում ասել է պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը, որը սակայն խուսանավել է Թուրքիայի մասնակցության մասին հարցից։
Պետդեպի ներկայացուցիչը մասնավորապես հայտարարել է. «Մենք խորապես անհանգստացած ենք Քեսաբում (Սիրիա) կռվի ու վայրագության դեպքերի կապակցությամբ, որը` վտանգելով հայ համայնքի կյանքը, շատերին ստիպել է փախուստի դիմել։ Բոլոր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն։ Մենք դատապարտում ենք Սիրիայում քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների հասցեին շարունակվող սպառնալիքները։
Մենք հետեւում ենք Սիրիայում հայերի եւ այլ փոքրամասնությունների դրությանը, եւ գիտենք, որ ծայրահեղականները, ինչպիսին է Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետությունը, թիրախավորել է նրանց, մենք անհանգստացած ենք փոքրամասնությունների համար եւ ցանկանում ենք ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը»,- ասել է Հարֆը:
Այնուամենայնիվ փոխխոսնակը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի մասնակցության մասին հարցը։
Հիշեցնենք, մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները չորս կողմից հարձակվեցին Լաթակիա նահանգի վրա, որը բնակեցված է հայերով ու ալեւիթներով: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի վրա հարձակվել են Թուրքիայի տարածքից:
Նշենք, որ Քեսաբի հայաշատ շրջաններում իսլամիստ ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող սիրիական ռազմական ինքնաթիռին հարվածել էին թուրքական կործանիչները:




























