Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի ելույթը Սհմանադրական դատարանում կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքի քննության ժամանակ զուտ «փիառ ակցիա» էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը մասնակցել է ՍԴ առաջին նիստին:

«Պատասխանող կողմը շատ վատ էր պատրաստված: Հակոբ Հակոբյանը ոչ մի հակափաստարկ չներկայացրեց, թե ինչու պետք է օրենքը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվի, ընդամենը փորձեց ներկայացնել հերթական անգամ, թե ինչ լավն է այս օրենքը, իր փիառ ակցիան արեց: Նրա ելույթը կբնութագրեմ՝ որպես ոչ համարժեք ելույթ Սահմանադրական դատարան կառույցին: Բայց իհարկե, Հակոբյանն իր նպատակին չհասավ, որովհետեւ Սահմանադրական դատարանը սկսեց տեղին հարցեր տալ, որոնք մնացին անպատասխան»,- ասաց Գեւորգը:

Նիստի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորը շատ հարցերի հրաժարվել է պատասխանել՝ մեկնաբանելով, թե այդ հարցերին մյուսները կպատասխանեն: Մինչդեռ Գեւորգը համոզված է, որ դրանք այն հարցերն են, որոնք պատասխան չունեն:

«Ակնհայտ էր, որ այդ հարցերը պատասխաններ չունեին, որովհետեւ օրենքը թերի է: Դատի ժամանակ պատասխանող կողմն էլ իր պահվածքով փաստեց դա: Նրանք պարզապես ցանկանում էին մանեւրել՝ չհասկանալով, որ Սահմանադրական դատարանը դրա տեղը չէ»,- ժպտալով նկատեց նա:

Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՍԴ դիմած խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերին դատարանում ներկայացնում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Արտակ Զեյնալյանն ու Մերի Խաչատրյանը: Արծվիկ Մինասյանի ելույթն ու պատրաստվածությունը պարզապես հիացրել է «Դեմ եմ»-ի երիտասարդներին:

«Ուղղակի հիացած եմ, հրաշալի էր պատրաստվել Արծվիկ Մինասյանը: Իհարկե, նրանց օգնել էին նաեւ մեր տղաները, որոնք միջազգային փորձից օրինակներ էին հանել»,- ընդգծեց Գեւորգը:

Նիստին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հավատարմագրել էր 10 անդամի, իսկ հարյուրավոր մասնակիցներ դրսում լուռ ակցիա էին անցկացնում: Դատական հաջորդ նիստին, սակայն «Դեմ եմ»-ն այլեւս ակցիա չի կազմակերպի:

Նշենք, որ նիստը կշարունակվի մարտի 31-ին: Ելույթ են ունենալու պատասխանող կողմ Կենտրոնական բանկն ու կառավարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում: