Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Հմայակ Միքայելյանը մեղադրվում է մարտի 22-ին կողոպուտ կատարելու մեջ:

Բնակարաններ վերանորոգող Հմայակն առանձնահատուկ սեր է ունեցել խմիչքի նկատմամբ, որի համար էլ մարտի 26-ին հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում, իսկ ժամեր անց բերման ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով:

Արդեն ոստիկանությունում Հմայակը պատմել է կողոպուտի մանրամասները: Մարտի 22-ին գնացել է արմավիրցիներից մեկի գովազդի պատրաստման տաղավար եւ գումար խնդրել: Լսելով բացասական պատասխան՝ Հմայակը բարկացել է:

«Որ ասաց՝ ինձ լոխի տեղ ես դնում, սկսեցինք կռվել»,- ոստիկաններին պատմել է Հմայակը:

39-ամյա տղամարդը հեռացել է, սակայն չի մոռացել, որ իրեն հրաժարվել են պարտքով գումար տալ: Հաջորդ օրը հարբած եւ մետաղյա ձողը ձեռքին հետ է եկել նույն տաղավարն ու պահանջել ներողություն խնդրել: Տեսնելով, որ վերջինս ցանկություն չունի ներողություն խնդրելու՝ հափշտակել է բջջային հեռախոսն ու հեռացել:

Տուժող կողմը հաղորդում է տվել: Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: