Մի շարք ամերիկացի կոնգրեսականներ դատապարտել են սիրիական Քեսաբ շրջանում հայ բնակչության նկատմամբ վերջերս կատարված հարձակումները, ինչպես նաեւ կոչ են արել ԱՄՆ-ի պետդեպարտամենտին հետաքննություն անցկացնել ու անհապաղ միջոցներ ձեռնարկել խոցելի բնակչության պաշտպանության համար: Ինչպես NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից, համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ-ի Սենտատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերթ Մենենդեսը, Հայաստանի հարցերով Կոնգրեսի խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Մայքլ Գրիմը, կոնգրեսականներ Դեւիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան եւ եւ Ջեյմս Մաքգովերնը:
Իր հայտարարության մեջ Մենենդեսը նշել է. «Ինձ խորապես մտահոգում են 2014թ.-ի մարտի 21-ին Քեսաբի վրա «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների հարձակումներւ մասին լուրերը: Դրանք վկայում են բռնի գործողությունների նոր ալիքի մասին, որոնք այժմ տարածվում են Սիրիայում: Ես դատապարտում են նմանատիպ ցանկացած հարձակում էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հայ քրիստոնյաների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված համատեղ նամակում Ֆրենկ Փալոնեն, Մայքլ Գրիմը, Դեւիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նշել են. «Այս իրադարձությունները հիշեցնում են մոտ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին: Մենք կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Քեսաբի քրիստոնյա հայ համայնքի պաշտպանության համար: Նաեւ կարծում ենք, որ ամենահարմար ժամանակն է Ամերիկայի ջանքերը կրկնապատկելու համար Մերձավոր Արեւելքւ ազգային փոքրամասնություններին աջակցություն ցուցաբերելու համար»:
Իր հերթին Ջեյմս Մաքգովերնը հայտարարել է. «Ես վճռականորեն դատապարտում եմ Քեսանում հայ բնակչության դեմ հարձակումները «Ալ-Քաիդայի» հետ կապված զինված խմբավորումների կողմից»: Նա իր մտահոգությունն է հայտնել նաեւ լուրերի կապակցությամբ, որ «հարձակումներն իրականացվել են Թուրքիայից», ինչպես նաեւ պահանջել է ԱՄՆ-ից եւ միջազգային հասարակությունից այդ հաղորդագրությունների հիման վրա հետաքննություն անցկացնել:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:
Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները:




























