Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը, ով ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականն է, հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր աշխատավայրում աշխատում է, աշխատանքից հեռանալու մտադրություն չունի: «Ես իմ տեղում աշխատում եմ եւ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան փոխարինող հավանական անձին՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հորեղբորորդուն՝ Արմեն Ավագյանին, տնօրենն ասաց, որ նա ոչ թե գանձապահ է, այլ իր տեղակալը: «Նա ունի բարձրագույն կրթություն, իսկ պահումների մասին ես տեղյակ չեմ»,- նշեց Նվեր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չգիտի՝ տեղակալը իր տեղի վրա աչք ունի, թե ոչ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»–ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից։ Թերթի տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաեւ ապագա տնօրենի անունը։ Ամենահավանական թեկնածուն Վարդենիսի Ակունք գյուղում ծնված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին է՝ Արմեն Ավագյանը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2012թ. հոկտեմբերի 12-ին գրել էր, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ջանում է իր հարազատին տուն-ինտերնատի տնօրեն «կարգել»։ «Իսկ ո՞վ է Ավագյանի «կադրը»։ Արմեն Ավագյանը բարձրագույն կրթություն չունի, նախկինում տուն-ինտերնատի գանձապահն էր եւ գրեթե բոլոր աշխատակիցներից 10-հազարական դրամ պահումներ էր արել։ Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվելու։ Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաեւ «առաջ են տանում»՝ ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն»,–գրել է թերթը։