ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիա իր այցն ավարտել է երկրում բռնության կանխարգելման գործում ջանքեր ներդրած կանանց մրցանակներ հանձնելու արարողությամբ։

Սակայն, ըստ New York Times-ի, մարդու իրավունքների պաշտպանության թեման չի շոշափվել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպման ընթացքում։

Մամուլի տեղեկություններով՝ մարտի 28-ին շոշափվել են Մերձավոր Արեւելքի, Իրանի եւ Սիրիայի հարցերը։ Մասնավորապես, ըստ  Reuters-ի, կողմերը քննարկել են սիրիացի ապստամբներին ցուցաբերվող աջակցության խորացման ուղիները։

Այցի ընթացքում Օբամային ուղեկցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին եւ ասգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը։  Բանակցությունների արդյունքում ոչ մի հայտարարություն չի արվել։

Այցի նախաշեմին Օբամայի աշխատակազմը նշում էր, որ դրա նպատակը սաուդյան միապետին հավաստիացնելն էր, որ այն մտավախությունները, թե ԱՄՆ-ն կհրաժարվի մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի իր պարտավորություններից եւ չի լսի վաղեմի դաշնակիցներին, անհիմն են։

Reuters-ը նաեւ նշում է, որ Սաուդյան Արաբիան այսօրվա դրությամբ ավելի քիչ նավթ է արտահանում ԱՄՆ, քան նախկինում։ Այս հարցը շարունակում է կարեւոր մնալ Վաշինգտոնի համար, ինչպես եւ «Ալ Կաիդայի» հետ պայքարում նրանց համագործակցությունը։