Ոչ իշխանական 4 ուժերի համագործակցությունը կարող է շատ լավ բանի հանգեցնել, կարող է ոչ մի բանի էլ չհանգեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ես չգիտեմ՝ ինչի կհանգեցնի: Դեռ առանձնապես բան չեմ տեսնում, բացի նրանից, որ ողջունում եմ յուրաքանչյուր համագործակցությունը քաղաքական դաշտում»,- նշեց նա:

Կարեն Քոչարյանը չի հավատում, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմությունը եւ շեշտեց, որ այդ մասին ինքը հայտնել է դեռ 2012թ Աժ ընտրություններից հետո: «Այն ժամանակ ես ասել եմ, որ օլիգարխ ընդդիմադիր չի լինում, ինչը հաստատվեց նրանով, որ Գագիկ Ծառուկյանը չդրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Բայց ինչպես ասում են «чем черт не шутит»: Ես չեմ հավատում, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր ուժ, բայց դա չի նշանակում, որ ես սխալվելու իրավունք չունեմ, կարող է՝ սխալվում եմ»,- նշեց նա:

Թե ինչ կլինի ապրիլի 28-ին՝ Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության քվեարկության օրը, քաղտեխնոլոգը չի շտապում կանխատեսում անել, «կապրենք, կտեսնենք»:

«Կապրենք կտեսնենք՝ կլինեն բարիկադներ, թե բարիդրացիական հարաբերություններ: Բարի բառը ամեն դեպքում կա: Ես կարծում եմ կլինի բարի բարիկադ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգն ասաց, որ սա քաղաքական պայքար է եւ սխալ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ չձգտի լծակների առումով ամենաշատին: Այժմ, նրա խոսքով, այս  4 ուժերը հասկացել են, որ առանձին-առանձին չեն կարող ՀՀԿ-ի դեմ, փորձում են միավորվել, որպեսզի որոշակի լծակներ ունենան՝ ազդել ՀՀԿ-ի վրա, ինչը շատ նորմալ է, որովհետեւ ՀՀԿ-ն էլ է կորցրել իրականության զգացումը: «ՀՀԿ-ին թվում է, թե ինքն է ու վերջ, բայց չի պատկերացնում, որ ինչքան էլ այստեղ «Մայդան» չի լինի, կարող է այնպիսի մի սոցիալական բան լինել, որից միշտ օգտվում են քաղաքական ուժերը, ինչը նորմալ է: Հիմա այս 4 ուժերը ուզում են դրանից էլ օգտվել, ինչը եւս նորմալ է: Կկարողանան- չեն կարողանա, այլ խնդիր է, կտեսնենք՝ բարիկաթ կլինի, թե բարիկադ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Թե ինչից պետք է վախենա իշխող Հանրապետականը, Կարեն Քոչարյանն ասաց, որ ՀՀԿ-ն առաջին հերթին ինքն իրենից պետք է վախենա, որովհետեւ դառել է անիմաստ մոնստր կառույց, որը իրականությունից կտրվել է: «Պետք է վախենա ժողովրդի սոցիալական վիճակից, որ չեն տիրապետում ոչ մի բանի, կտրվել են իրականությունից, որովհետեւ վախենում են մեկը մյուսին զեկուցել կամ եթե չեն էլ վախենում, զեկուցում են, վերեւից ադեկվատ ռեակցիա չի գալիս: Կամ ամբողջությամբ են կտրվել իրականությունից, կամ մի հատվածը չի կտրվել, ՀՀԿ-ի վերեւն է կտրվել: Չեմ կարող պատկերացնել, թե ոնց կարող են ասել՝ լավ է այս ամեն ինչը, ոտքերը կտրվել է գետնից, մեծ հարց է՝ ինչ կդնեն գետնի ու իրենց ոտքի արանքում՝ փափուկ մատրաս, թե այնպիսի բան, որ վայրէջք կատարելիս ոտքերը ջարդվեն»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական 4 ուժեր (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել ապրիլի 28-ին, սակայն նրանք ԱԺ-ում մեծամասնություն չունեն:  ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել էր, թե իշխանությունը գիտի՝ ինչ կլինի ապրիլի 28-ից հետո եւ կարող է խուսափել բարիկադներից եւ բախումներից: