Կանադայի խորհրդարանի անդամ Ջիմ Կարիգիանիսը երկրի վարչապետին հասցեագրված միջնորդագիր է նախաձեռնել սիրիական Քեսաբի հայ համայնքի աջակցության վերաբերյալ՝ կոչ անելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ անհապաղ միջոցառումներ ձեռնրակել:

Նամակում ասվում է. «Խնդրում եմ անհապաղ գործողություններ ձեռնարկել Քեսաբի սիրիահայ համայնքի համար հետեւանքների առնչությամբ: Քեսաբը վերջերս «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող գրոհայինների կողմից հարձակման է ենթարկվել: Քեսաբը գտնվում է հին հայկական Կիլիկիայի տարածքում: Ավելի քան 1000 տարի այն բնակեցված է հայերով: Շրջանը տարբեր երկրների միջեւ վեճերի առիթ է դարձել, բնակիչները տարբեր վարչակարգերի կողմից հետապնդումների են ենթարկվում: Հայ քրիստոնյաները ստիպված էին ամբողջովին լքել շրջանը: «Ալ-Քաիդան» իր վերահսկողության տակ է վերցրել շրջակա քրիստոնեական ու ալեւիթական գյուղերը: Նրանք սպառնում է բոլորին այդ համայնքներում սպանել:

Կանադան պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի եւ կանխի հումանիտար աղետը: Հաղորդագրություններ են ստացվում, որ չարագործները հարձակվել են թուրքական կողմից: Կանադան պետք է խնդրի Թուրքիային ապահովել այդ շրջանի անվտանգությունը: «Ալ-Քաիդային» իր ապաստանից զրկելը, կրոնական ծայրահեղականության վերացումը եւ էթնիկ ատելության վերացումը թույլ կտա շրջանի բնակչությանը որոշել իր ճակատագիրը: Կանադան պետք է սկզբունքային դիրք գրավւ եւ օգնի Քեսաբի տեղահանված բնակչությանը, որն այսօր ծանր պայմաններում է գտնվում»:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները: