Մարտի 28-ին Հայաստանի ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին: Կոլեգիայի նիստը նախագահել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաեւ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը  եւ  ՊԲ բարձրաստիճան սպաներ:

Բացելով նիստը եւ ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները` Սեյրան Օհանյանը կարեւորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ  կատարված աշխատանքները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր: Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` Յուրի Խաչատուրովը կարեւորել է ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ եւ հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի եւ նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով եւ առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ,  բարձրաստիճան սպաներ:

Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաեւ առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերի եւ ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել  սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին եւ կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների  ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մասին:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները եւ ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետեւությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալիր վերազինման եւ արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաեւ միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ եւ նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Կոլեգիայի նիստի ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով: