Երեւանի բնակիչ 41-ամյա Սուրեն Կ.-ն մեղադրվում է բուքմեյքերական ընկերություններից մեկում վիճաբանություն սարքելու եւ աշխատակից Հեկտոր Խ-.-ին հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարի: Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող բուքմեյքերական ընկերությունններից մեկում Սուրենը մոտ 5 րոպե դիտավորյալ խախտել է հասարակական կարգը: Նա վիճաբանել է ընկերության օպերատոր-գանձապահ Հեկտոր Խ.-ի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել, բռնություն գործադրելով քաշքշել եւ ձեռքերով հարվածներ հասցրել:

Սուրեն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը դեռ նշանակված չէ: