Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը մտադիր է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում թանգարան ստեղծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը:
«Այդ տարածքը բարեկարգված է, մաքուր, վերանորոգված եւ մնում է որպես այդպիսին: Անպայման մտադիր եմ թանգարան բացել: Այդտեղ ոչ ռեստորան կա, ոչ օբյեկտ, դա բարեկարգված տարածք է, երբ կառավարական պատվիրակություն է գալիս, այնտեղ է մնում»,-նշեց նախկին մարզպետը:
Նա շեշտեց, որ փորձելու են հնարավորինս շուտ այդտեղ թանգարան ստեղծել:
Նշենք, որ «Առավոտը» գրել էր, թե Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանն ասել էր, որ Սդղի գյոլ կոչվող տարածքում գտնվող հանգստյան տունը, որը սեփականաշնորհել է Սուրիկ Խաչատրյանը, եղել է Վազգեն Սարգսյանի նստավայրը: «Մեր ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել Սյունիքը՝ իր ունեցած հնարավորություններով, որ յուրաքանչյուր պահի թիկունք լիներ, սատարեր Ղարաբաղին: Դրա համար Վազգեն Սարգսյանն իր փոքր աշխատակազմով գնաց եւ տեղավորվեց Սդղի գյոլում: Անունն էր հանգստյան տուն, բայց այն կիսաթալանված վիճակում էր, շտաբի վերածեցինք, ու դրանից հետո երկրի համար մի շարք կարեւոր որոշումներ այդտեղ են ընդունվել»,- թղթակցի հետ զրույցում պատմել էր Ս.Աբրահամյանը: Նա դատապարտել էր ազգային կարեւոր նշանակություն ունեցող այս տարածքը Սուրիկ Խաչատրյանի կողմից մասնավոր տարածք դարձնելու՝ նրա քայլը:




























