Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ 45-ամյա Հրաչյա Մ.-ն մեղադրվում է Երեւանի մթերային խանութներից մեկից գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 1-ին: Հրաչյան աշխատանքային ժամին մուտք է գործել մուտք է գործել Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող մթերային խանութներից մեկը եւ  վաճառողուհիներ` Երազիկ Հ.-ին եւ Սեդա Ղ.-ին հրելով՝ դրամարկղից բացահայտ հափշտակել է 10 հազար ՀՀ դրամ:

Հրաչյա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Առաջինը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Երկորդը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով: Հրաչյա Մ.-ն կալանավորված է:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: