«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա ավազակային հարձակում կատարելու գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այս գործով դատական առաջին նիստը Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում կկայանա մարտի 31-ին, ժամը 16.00-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝  Անդրանիկ Ն.-ն նախապես համաձայնության գալով ընկերների՝ Ռուբենի, Արմենի եւ Հակոբի հետ, մտել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստագործական տարածք, մտել դպրոց եւ այնտեղից գողացել լուսարձակիչ պրոյեկտոր, համակարգչի պրոցեսոր եւ ձայնային ուժեղացուցիչ: Անդրանիկը, Ռուբենն ու Արմենը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Հակոբը գտնվում է հսկողության տակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: Ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: