Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, նախկինում դատված 26-ամյա Գրիգոր Վ.-ն մեղադրվում է Անուշ Զ.-ին կծելու եւ քաշքշելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 8-ին, գիշերը 04:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի շենքերից մեկի բակում: Գրիգորը Անուշ Զ.-ին տուն ուղեկցելիս ավտոմեքենայի մեջ գումարային պարտք ու պահանջի շուրջ վիճել է Անուշի հետ: Վիճաբանության ընթացքում Գրիգորը ատամներով կծել է Անուշի ուսը, ձեռքերը, ինչպես նաեւ քաշքշել է՝ մարմնական վնասվածքներ պատճառելով:

Գրիգոր Վ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: