«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբոր՝ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանի գործով հերթական դատական նիստը կկայանա այսօր՝ մարտի 31-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Մնացականյանի փաստաբանը՝ Աշոտ Հովսեփյանը:
Նա նշեց, որ երկու նիստեր հետաձգվել են մյուս կողմի բացակայության պատճառով: Այժմ հասել են կողմերի վիճաբանության փուլին, առայժմ միջնորդությունների մասին փաստաբանը չի ցանկանում ոչինչ հայտնել:
Նա նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, մի շարք հիվանդություններ ունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ բուժում է ստանում: «Երիկամների խնդիր ունի, բազմաթիվ հիվանդություններ, բժիշկների հսկողության տակ է, բուժում է ստանում, այն աստիճանի չէ, որ տեղափոխեն հիվանդանոց»,- ասաց Աշոտ Հովսեփյանը:
Նշենք, որ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նա կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում:
Ռուբեն Մնացականյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նրա դեմ կա նաեւ քաղաքացիական հայց՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու խնդիր:



























