Միասնական մաքսային միությանը անդամակցության դեպքում Հայաստանը 30 մլն դոլար ավելի օգուտ կունենա, քան այժմ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում Արտաքին առեւտրում երկիրը կարող է կորցնել տարեկան 104 մլն դոլար, բայց կշահի գազի ներկրման մեջ՝ 140 մլն դոլար:
Ներկրման նվազումը կարող է պայմանավորված լինել ներկրման մաքսադրույքների աճով, որոնք այժմ ավելի ցածր են, քան ՄՄ-ում: Ապրանքախմբերի 5-7 տոկոսի համար դրույքաչափերը կարող են նվազել, բայց մեծ մասի համար աճելու են: Ապրանքախմբերի 9,3 տոկոսի համար դրույքները կաճեն մինչեւ 3 տոկոս, մնացածի համար՝ մինչեւ 20 տոկոս: Այդ դեպքում Հայաստանը կամ կդադարի այդ ապրանքները ներկրել երրորդ երկրներից, կամ էլ կկողմնորոշվի մաքսային միության արտադրանքի վրա:
Մյուս կողմից, 2013թ. դեկտեմբերին Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանավորվեց գազի առաքման մասին՝ առանց ՌԴ արտահանման 30 տոկոս մաքսատուրքի: Իսկ դա նշանակում է 130-140 մլն դոլարի տնտեսում: «Ինչպես տեսնում եք, այդ առումով կորուստները փոխհատուցվում են օգուտով»,- նկատել է Արամյանը:




























