Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ռուսաստանյան ապրանքների 60 տոկոսը մեր համար կարող է էժանանալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում:

Ռուսաստանից Հայաստան ներկրվող ապրանքների 60 տոկոսը հարկվում են ՌԴ մաքսատուրքով: ՄՄ-ին անդամակցելուց հետո դրանք չեն տարածվելու Հայաստանի վրա, հետեւաբար չեն ավելացնի ապրանքի գինը:

Կան մի շարք այլ, ընթացակարգային բնույթի արտոնություններ ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման համար: Ներկրման դեպքում բիզնեսը ավելի շատ ժամանակ կստանա մաքսատուրքերն ու ԱԱՀ-ն վճարելու համար: Եթե Հայաստանում դրանք պետք է վճարվեն ներկրումից 10 օր անց, ապա ՄՄ-ում հնարավոր է անել մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:  Նախատեսվում են նաեւ դեպքեր, երբ կարելի է վճարումը ձեւակերպել ապառիկ՝ բանկային երաշխիքների կամ այլ ապահովման դեպքում:

Եթե այժմ Հայաստանից արտահանման դեպքում կիրառվում է ԱԱՀ, որը հետո վերադարձվում է, ՄՄ երկրներ ներկրման դեպքում ԱԱՀ-ն կլինի զրոյական, ԱԱՀ հաշվետվության մեջ միայն հարկ է ներկայացնել գործարքի փաստաթուղթը:

Բացի այդ, ՄՄ-ին անդամակցելիս հանրապետությունն ամբողջությամբ անցնելու է ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման: