Ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ' Դին հանդես գալով օրենսդիր մարմնում, իր անհանգստությունն է հայտնել Քեսաբի շրջանում սիրիահայերի ծանր իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունում:
Իր ելույթում Ջոնաթան Օ' Դին հայտարարել է. «Հարգանքի տուրք եմ մատուցում Դեւիդսոնի մեծաթիվ հայերին, ովքեր դրական ու կառուցողական ներդրում են կատարում մեր համայնքում: Իմ ընտրողներից ոմանք վերջերս իրենց մտահոգությունն են հայտնել «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող գրոհայինների հարձակումների կապակցությամբ Սիրիայի առավելապես հայ բնակչություն ունեցող Քեսաբ քաղաքի վրա: Ոչնչացվել են եկեղեցիները, տները, մարդկանց պատանդ են վերցրել, ինչը ստիպել է բնակչության փախչել հարեւան քաղաքներ: Թիրախում են հայտնվել հայերի սերունդները, որոնք հաստատվել են տեղի քաղաքներում, երբ փախչել են Օսմանյան իշխանություններից 1915-ից 1923թթ. ընթացքում: Ես աջակցում եմ իմ ընտրողներին այն հարցում, որ միջազգային հանրույթը պետք է օգնի կանխել Սիրիայում մարդու իրավունքների խախտումը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:
Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները:




























