Թուրքիայում, այսօր՝ մարտի 30-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։

Թուրքիայի արեւելյան նահանգներում ընտրությունները սկսվում են 07։00-ին եւ ավարտվում 16։00-ին, իսկ արեւմտյան նահանգներում՝ 08։00-ից մինչեւ 17։00։

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին կարող է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող 26 մլն 704 հազար 757 կին եւ 25 մլն 991 հազար 75 տղամարդ, այսինքն, ընդհանուր 52 մլն 695 հազար 831 քաղաքացի։

Ամբողջ Թուրքիայի տարածքում տեղադրված են 194 հազար 310 քվեատուփ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 26 կուսակցություն, սակայն ակտիվ պայքարն ընթանալու է հիմնականում իշխող «Արդարություն եւ զարգացում», ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում», «Ժողովուրդների դեմոկրատական» եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների միջեւ։

Տարբեր կանխատեսումների համաձայն՝ այս ընտրություններում կրկին հաղթելու է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։ Այս կուսակցության համար կանխատեսվում է մինչեւ 45 տոկոս քվեներ։ Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, որն ըստ տարբեր փորձագետների կհավաքի 27-ից մինչեւ 30 տոկոս ձայն։ Եռյակը եզրափակում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի ձայները կանխատեսում են մինչեւ 17 տոկոս։ Իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համար ենթադրվում է մինչեւ 8 տոկոս ձայն։