Վանաձորի քիմիական կոմբինատի մասնավորեցումը պետք է վերանայել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով վերջերս եղել է Լոռու մարզում, հանդիպել տեղի մարզպետարանի եւ բիզնես-շրջանի ներկայացուցիչներին: Հաջորդ շաբաթ Միությունը լսումներ կանցկացնօ կոմբինատի ապագայի վերաբերյալ:

«Եթե սեփականատերն ի վիճակի չէ իսկապես գործակցել, անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն: Լսումներին մենք կհրավիրենք մասնագետների եւ կփորձենք պարզել, թե ինչու կոմբինատը չի գործում»,- հայտարարել է Սաֆարյանը:

Այդ պատճառով, հավելել է նա, Հայաստանը ստիպված է ներկրել ավելի քան 8000 տոննա ազոտային պարարտանյութ Վրաստանից: Այստեղից Երեւանյան գործարան տարեկան ներկրվում է մոտ 480 տոննա ամոնիակ՝ տոննայի դիմաց մոտ 1000 դոլար արժեքով: Ընդ որում, այս ամենը կոմբինատում արտադրվում էր խորհրդային տարիներին:

Վանաձորի քիմիական կոմբինատի կազմի մեջ են մտնում քիմիական գործարանը, քիմիական մանրաթելերի գործարանը եւ ՋԷԿ-ը: Ձեռնարկության սեփականատերն է Roding International Ltd ռուսական ընկերությունը: Այժմ կոմբինատը հիմնականում արտադրում է արհեստական սապֆիներ: