«Բանդայի» գործով ձերբակալված Արտուշ Հակոբյանը 13 կիլոգրամ նիհարել է, քանի որ նրան թունավորել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի հայրը՝Սուրիկ Հակոբյանը՝ նշելով, որ Ալիկ Սարգսյանը վաղուց է թշնամաբար վերաբերվում իր որդուն, եւ որ ինքը չի հավատում բժիշկների ախտորոշմանը, թե իր որդին թունավոր զոբի հետեւանքով է այդպես հյուծվել:

«Թունավորել են, ոնց չեն թունավորել, իմ տղան զոբ չուներ, էդ ոնց եղավ, զոբ եղավ, առողջ էր շատ: Ես տեսա իմ տղային դատարանում, 13 կիլո միանգամից նիհարած մարդ էր, լրիվ սեւացած: Ալիկ Սարգսյանը մի հատ փչացած մարդ ա, շատ խուլիգան մարդ ա: Փոքր ժամանակ ինքը իրան բեզպրեդել ա պահել, Արտյուշան իրան շլանգով ծեծել ա, ինքն էլ թշնամությունը տենց լարել ա, լարել ա, մինչեւ այսօր: Իրանք խուլիգաններ են եղել, եկել, կռիվ են սարքել. քրոջս ամուսնուն խփել են ուղեղի ցնցում ա ստացել, Արտյուշան էլ 16 տարեկան էր էդ ժամանակ, շլանգով մի քանի անգա խփել ա, ու իրանց ուղեղի մեջ մնացել ա»,- պատմեց «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:

Սուրիկ Հակոբյանի կարծիքով՝ իր որդին անմեղ է, եւ նրան ապօրինի են կալանքի տակ պահում. «Ինքը վտանգավոր մարդ չի, անմեղություն է. ոչ կանպատվի, ոչ կվիրավորի , Աստծու անմեղ մարդն է: Ինքը մեղավոր չի , ոչ մի բան իրա ձեռքը չեն բռնել, ապացուցված չի: Մեր տունը, մեր հարազատների տները խուզարկել են ,ոչինչ չեն գտել: 5-6 հոգի են, իրար չեն ճանաչում, իմ որդին չէր կարող նման բան անել, որովհետեւ ինքը աշխատանք ուներ, առավոտյան գալիս էր աշխատանքի, երեկոյան գնում, մեքենա ուներ՝ իմ Խամերն էր քշում: Ես չեմ ասում՝ շատ ճոխ ենք ապրել, բայց նորմալ ապրել ենք: Ես իրանց ասել եմ՝ սա է մեր ունեցվածքը, սրանով ապրեք ժողովրդին օգնեք»:

Հոր կարծիքով՝ Արտուշ Հակոբյանին ձերբակալել են որպեսզի իր աշխատանքին խանգարեն: «Սա խայտառակ պետություն է, ով են սրանք, եկել, տիրացել են էս երկրին: Իմ աշխատանքին խանգարում են, միտքս խառնված ա որդուս համար: Խառնել են իմ ուղեղը: Ամեն անգամ երկարացնում են կալանքի ժամկետը, ոնց կարելի է մի ամիս դատ չանել, հետո նշանակել: Ես դատավորին բան չեմ ասում, կարող ա՝ իրան ասում են, որ տենց անի: Ես չեմ կարող մեղք անել, ասել, թե ով է ասում»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝  վաղուց է, ինչ փորձում են իր աշխատանքին խանգարել. «Հացի գործարան ունեի, օրական 40 տոննա հաց էի թխում, հասցրեցին այն բանի, որ Բաղդասարովները խլեցին իմ ձեռքից: Ես փող էլ չեմ ունեցել, սկսել եմ երկու փեչով երեք փեչով հաց թխել: Մեր բերանից կտրել ենք, մարդկանց ենք օգնել, ճակատամարտերի ժամանակ զորքերին եմ օգնել: Ես չեմ ընդունում, որ սա պետություն է: Մեկը ոչինչ չանի, դառնա միլիարդատեր, մեկն էլ աշխատի ու չկարողանա բանվորի պարտքը տա»:

Արտուշ Հակոբյանի կալանքը զայրացրել է Գառնի յուղի բոլոր բնակիչներին: Նրանք որոշել են, որ եթե մոտ ապագայում իրենց համագյուղացուն ազատ չարձակեն, ամբողջ գյուղով ոտքի են կանգնելու եւ փակելու են Գառնի-Երեւան ճանապարհը:

«Մենք ոտքի ենք ելնելու հանուն ճշտի եւ մաքրության, ոչ թե մենակ ճանապարհն ենք փակելու, այլ դուրս ենք գալու դեպի Երեւան»,- NEWS.am-ին ասաց Գառնի գյուղի բնակիչ Գագիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: