Սլովակիայի նախագահի ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Անդրեյ Կիսկան՝ հավաքելով մոտ 60 տոկոս ձայն:

Երկրորդ տեղը գրաված թեկնածուն՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, նրանից հետ է մնում մոտ 20 տոկոսով: Նա արդեն ընդունել է իր պարտությունը, եւ չսպասելով պաշտոնական տվյալների հրապարակմանը, շնորհավորել Կիսկային հաղթանակի առթիվ:

Ի տարբերություն փորձառու Ֆիցոյի, անկուսակցական Կիսկան նոր է քաղաքականության մեջ: Մինչեւ վերջերս նա սլովակներին հայտնի էր որպես հաջողակ գործարար եւ հասարակական գործիչ: Իշխանությունում ընդգրկվելու իր ցանկության մասին Կիսկան հայտարարել է ընդամենը երկու տարի առաջ: Նա իր նախընտրական քարոզարշավում ներդրել է սեփական գումարները եւ ստացել մշակույթի գործիչների, մարզիկների եւ գործարարների աջակցությունը:

Վերլուծաբանների կարծիքով՝ 51-ամյա միլիարդատերն ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նաեւ այն բանի հաշվին, որ նախագահական մրցավազքից դուրս մնացած մյուս թեկնածուները իրենց ընտրողներին կոչ են արել քվեարկել հենց Կիսկայի օգտին:

Սպասվում է, որ Սլովակիայի ԿԸՀ-ն նախագահի ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական տվյալները կհրապարակի մարտի 30-ին: