Ամերիկյան Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքում տղան սեփական տան բակում հայտնաբերել է հնդկացու հնագույն մնացորդներ, հաղորդում է The Bellingham Herald-ը:
Հաղորդում են, որ Յուտա նահանգի 14-ամյա բնակիչ Ալի Էրթուրքը յուրահատուկ հայտնագործություն է կատարել, երբ հոր հրամանով ձկների համար ջրամբար փորելիս է եղել: Տղան մտածել է, թե ինչ-որ կենդանու ոսկորներ է գտել: Սակայն հետո մարդկային գանգ է գտել, որը փոքր-ինչ «տարօրինակ» տեսք ուներ: Այնուհետեւ տղան կանչել է հորը, ով արդեն ոստիկանություն է զանգահարել: Բակում պեղումներն այժմ շարունակում են հնագետները:
Մասնագետների նախնական գնահատականների համաձայն՝ գտածոներն ավելի քան 1000 տարեկան են: Արդեն հաջողվել է հաստատել, որ դրանք պատկանել են Ամերիկայի բնիկի: Հնագետներն ու մարդաբաններն անցել են հետազոտությունների, որոնք կօգնեն հաստատել հնդկացու սեռն ու ռտարիքը, ով այդ հողում բնակվել է նախորդ հազարամյակում:
Ենթադրվում է, որ նախկինում այդ վայրում կարող էր գտնվել գերեզմանոց, որի ուսումնասիրությունը կօգնի շատ ավելին իմանալ ժամանակակից Սոլթ-Լեյք-Սիթիի տարածքում բնակվող ժողովուրդների մշակույթի եւ ավանդույթների վրա:
«Մարդիկ այստեղ բնակվել են մոտ 10 հազար տարի առաջ: Մեր նպատակն է որքան հնարավոր է շատ հնագիտական փաստեր հավաքել այդ մնացորդների վերաբերյալ: Այն ժամանակ ավելի շատ տեղեկություններ կունանենա հնագույն մարդկանց մասին, ովքեր ապրել են այստեղ»,- նշել է նահանգի մշակութային ժառանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆրի Ֆաթահը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ երբ պարզվի, թե որ տոհմին է պատկանել հնդկացին, նահանգի հնդկացիների հարցերով կոմիտեի ներկայացուցիչները կկարողանան թաղել նրան իր ժողովրդի ավանդույթներին համաձայն:




























