Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երեւանում ավտոտրանսպորտով երթեւեկելուց, քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փակ են նաեւ հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երեւան-Գյումրի, Երեւան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում եւ ավտոմեքենաների կուտակում:
Ձեռնարկվում են միջոցներ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար: 

Երեւան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի հատվածը, Թուխ Մանուկի եւ Վարդենյաց լեռնանցքները փակ են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:

ՃՈ-ն վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: